ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Որևէ մեկին տրված չէ զիջել»

«Որևէ մեկին տրված չէ զիջել»
24.10.2008 | 00:00

ԲԼԻՑ
Հպանցիկ հարցեր` ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, կուսակցության փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ։
-Պարոն Սահակյա՞ն, էս ինչո՞ւ եք էսպես շողարձակում, ինչո՞վ բացատրել Ձեր այսքան բարձր տրամադրությունը:
-Ինչպես գիտեք, վերջին երեք մարզերի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն մոտավորապես յոթանասունհինգ տոկոս հաղթանակ տարավ, ինչը նշանակում է, որ հանրապետականը բացարձակ մեծամասնություն ունեցավ թե՛ խորհրդարանական, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
-Պետականորեն Ձեր տրամադրվածությունը մի պահ ընդմիջենք ֆրակցիայի ղեկավարի «մանրուք»-խնդրի հետ կապված հարցով. ի՞նչ կա այդ «կողմերում»:
-Նախ` Ձեր նշած «պետականորեն տրամադրվածության» մասին. ափսոս, քիչ են մտածողության այն ձևերը, որոնք ոչ թե անձնային երևելիության շրջանակներում են ամփոփվում, այլ, իրո՛ք, պետություն ունենալու, ամրացնելու խնդիրն են առաջնային համարում:
-Օրերս լրատվամիջոցները գրել էին` առողջական որոշակի խնդիրներ ունեք. այսքան հոգս ծանրացրել եք Ձեր սրտի՜ն:
-Նրանց, ովքեր հասարակությանն ավելի հայտնի են, ավելի հեշտ է լինում այս կամ այն կողմից հարվածների շրջապտույտում պահել։ Դա դրա հետևանքն է:
-Սրտի՞ հարվածների մասին է խոսքը:
-Իմ սիրտը բավականին մեծ է, տարողունակ և անչա՜փ-անչափ նվիրված ամեն ինչին:
-Այդքան նվիրված, այդքան տարողունակ վիճակն առաջացել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպումից հետո՞:
-Չէ, էդպես եմ ծնվել:
-Ի՞նչ խոսեցիք այդ հանդիպմանը նախագահի հետ:
-Չմոռանանք, որ հանրապետության նախագահը նաև մեր կուսակցության նախագահն է, շաբաթ չկա, որ չհանդիպենք, բավականին լուրջ խոսակցություններ են ընթանում` կապված պետության, վարվող քաղաքականության և ընդհանրապես` կարևոր բոլոր հարցերի շուրջ:
-Իսկ ֆրակցիայի ղեկավարո՞ւմը:
-Ֆրակցիան, չեմ կարծում, որ գերմտածողության թեմա է, և այսօր նրա երևելիության աստիճանն ինձ չի հետաքրքրում, մանավանդ որ, որպես քաղաքական գործիչ, ավելի երևելի եմ, քան կարող է լինել ֆրակցիայի նախագահը. ես կուսակցության փոխնախագահն եմ: Իսկ խմբակցությունը կուսակցական կառույցներից մեկն է:
-Իսկ հնարավո՞ր է` «կուսակցական կառույցներից մեկի» պոստը վերցնեք ու զիջեք երիտասարդին` Շարմազանովին:
-Կարծում եմ՝ որևէ մեկին տրված չէ զիջել։ Հարցը կորոշի հանրապետականների համապատասխան կառույցը:
-Ե՞րբ:
-Շտապելու անհրաժեշտություն չունենք, որովհետև ֆրակցիան, ըստ էության, գործում է, ԱԺ նախագահը հանրապետականի գործադիր մարմնի անդամ է, այնպես որ, կազմակերպչական բոլոր խնդիրները լուծվում են: Կուսակցության և նրա ղեկավարի զբաղվածությունը մեղմելու ժամանակաշրջանում կքննարկենք նաև այդ հարցը:
-Բա մտավախություն չունե՞ք. Մեդվեդևը եկավ, Ռուսաստանից իր հետ «լիքը» ռուս-հայ գործիչներ բերեց, փորձագետները պնդում են, որ նրանք կամ նա, ով շահագրգիռ է Շարմազանովի «նշանակմամբ», մեդվեդևյան պատվիրակության անդամներից մեկի միջոցով կարող է և Շարմազանովի համար քարտ-բլանշ ապահովել:
-Կողմ չեմ մյուսների անունները տալուն, որովհետև դա կուսակցության որոշելիք խնդիրն է:
-Ի դեպ, Սաշիկ Սարգսյանն էլ Ձեր քավորն է, չէ՞:
-Բազմաթիվ մարդկանց հետ և՛ քավոր եմ, և՛ սանիկ եմ, և՛ մտերիմ եմ... Համարյա ամբողջ հանրապետության հետ:
-Գնահատելի է: Իսկ որ Նիկոյանը գնացել նախագահական, ասել է նախագահին՝ եթե Գրիգորիչը ֆրակցիան չղեկավարի, ինքը և մնացած հնաբնակները դուրս կգան ֆրակցիայից, ճի՞շտ է:
-Չեմ կարծում, նման ստույգ փաստ լինի:
-Իբրև պետական հոգսով մեկընդմիշտ ծանրաբեռնված, պարոն Սահակյան, տալո՞ւ եք մշակույթի նախարարությունը ԲՀԿ-ին, որպես ամբիցիաների վերջին հանգրվան՝ վերցնելով ԲՀԿ-ից քաղաքաշինության նախարարությունը:
-Քաղաքակիրթ ձև չէ` «տալ-վերցնել»: Բայցև որևէ նախարար մինչև վերջ չի մնում, որևէ քաղաքական գործիչ մինչև վերջ չի ապրում:
-Չէ, տեսեք, օրինակ, դը Գոլն ինչքան երկար է ապրում. նրա հետ համեմատություն են անցկացնում, ցանկանում են նրան նմանվել... եթե հաջողվի:
-Հա, իհարկե, բոլորս պայքարում ենք, որ հասարակության յուրաքանչյուր անդամ երկար ապրի, բայց դա չի նշանակում, որ հավերժության գաղտնիքները մարմնավորված են ինչ-որ անձանց մեջ:
-Պարոն Սահակյան, իսկ ի՞նչ եք կարծում՝ գորգերի փոփոխությունից ԱԺ-ի դերակատարությունը փոխվո՞ւմ է:
-Կարծում եմ` ԱԺ շենքը պետք է շատ պատշաճ լինի, որովհետև մեր փոխհարաբերությունները միջազգային կյանքում հենց դա են թելադրում:
-ՈՒզում եք ասել՝ թատրոնն սկսվում է հանդերձարանի՞ց:
-Այո:
-Իսկ որ պարտավոր ենք թատրոնը սիրել նախ մեր մեջ, պատշաճ լինել նախ ինքներս մեզ հետ: Մի խոսքով. բովանդակային խնդիրնե՞րն ԱԺ-ում ե՞րբ են լուծվելու: Եվ լուծվելո՞ւ են, արդյոք, թե՞...
-Այդ հարցը պետք է քաղաքական ուժերը լուծեն:
-Եվ վերջին հարցը. ճի՞շտ է, որ Ձեզ խորհուրդ են տվել Հովիկ Աբրահամյանին համեմատել Նապոլեոն Բոնապարտի հետ, ու Դուք չեք համաձայնվել:
-Իսկ ինչո՞ւ պետք է Հովիկ Աբրահամյանին համեմատենք Բոնապարտի հետ:
-Բա ո՞ւմ հետ համեմատենք:
-Հովիկ Աբրահամյանին պետք է համեմատենք Հովիկ Աբրահամյանի հետ:
-Ընդամե՞նը:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 4802

Մեկնաբանություններ